2026-08-14 08:32:51
445
Մեմֆիսի օդանավակայանը վերանվանվել է FedEx-ի հիմնադիր Ֆրեդերիկ Վ. Սմիթի անունով։
Բիզնեսի իրական ազդեցությունը չափվում է ոչ միայն ձեռքբերումներով ու թվերով, այլև այնպիսի կարևոր իրադարձություններով, որոնք հնարավորություն են տալիս հետադարձ հայացք գցել անցած ճանապարհին և տեսնել, թե ինչպես է տարիներ առաջ ձևավորված գաղափարը վերածվել համաշխարհային ազդեցություն ունեցող համակարգի։
2026 թվականի օգոստոսի 11-ին Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում տեղի ունեցավ կարևոր իրադարձություն, որը կնշվի FedEx-ի պատմության մեջ առանձնահատուկ կերպով։ Քաղաքի միջազգային օդանավակայանը վերանվանվեց Frederick W. Smith International Airport՝ ի պատիվ Federal Express-ի հիմնադիր Ֆրեդերիկ Վ. Սմիթի, որի տեսլականն ու նախաձեռնությունը Մեմֆիսը վերածեցին համաշխարհային օդային բեռնափոխադրումների կարևորագույն կենտրոններից մեկի։
1973 թվականին Ֆրեդերիկ Վ. Սմիթը Մեմֆիսում հիմնեց Federal Express-ը։ Քաղաքի ընտրությունը պատահական չէր․ ԱՄՆ-ի կենտրոնական հատվածում գտնվելու դիրքը և բարենպաստ եղանակային պայմանները Մեմֆիսը դարձնում էին հարմար վայր արագ օդային առաքումների համակարգ ստեղծելու համար։
Գործունեության առաջին օրը Federal Express-ը 14 Dassault Falcon ինքնաթիռով 186 փաթեթ տեղափոխեց ԱՄՆ-ի 25 քաղաք։ Այսօր, սակայն, այս պատկերը բոլորովին տարբեր է։ FedEx-ն աշխարհում օրական տեղափոխում է ավելի քան 18 միլիոն փաթեթ, իսկ Մեմֆիսում գտնվող Memphis World Hub-ը օրական մշակում է ավելի քան 2.4 միլիոն փաթեթ։
Ինչու՞ հենց Մեմֆիսը
Ֆրեդերիկ Վ. Սմիթի կապը Մեմֆիսի հետ շատ ավելի խորն էր։
Մեմֆիսը Սմիթի համար պարզապես ռազմավարական ընտրություն չէր։ Բացի քաղաքի հարմար աշխարհագրական դիրքից և բարենպաստ եղանակային պայմաններից, այն նրա հայրենի քաղաքն էր, որի տնտեսական զարգացումն ու ապագան նա առանձնահատուկ կարևորում էր։
Տարիների ընթացքում FedEx-ի, օդանավակայանի և քաղաքի համագործակցությունը ձևավորեց մի միջավայր, որտեղ ավիացիան, լոգիստիկան, աշխատատեղերը և միջազգային առևտուրը սերտորեն կապվեցին միմյանց։ Օդանավակայանի անվանափոխությունն արտացոլում է այն պատմությունը, որը տասնամյակների ընթացքում ձևավորվել է քաղաքի, օդանավակայանի և FedEx-ի սերտ համագործակցության արդյունքում։
Boeing 777
2026 թվականի օգոստոսի 11-ի հաջորդ ամենատպավորիչ դրվագներից մեկը FedEx Flight 1944-ի ժամանումն էր՝ Boeing 777 բեռնատար ինքնաթիռով։
Ինքնաթիռը ստացել էր հատուկ ռետրո ձևավորում՝ ոգեշնչված Federal Express-ի սկզբնական շրջանի բրենդային ինքնությունից։ Ինքնաթիռը կոչվում է Rosie՝ Ֆրեդերիկ Վ. Սմիթի թոռնուհիներից մեկի անունով։
Ամեն բան մտածված էր դետալ առ դետալ և նույնիսկ թռիչքի համարը պատահական չէր․ 1944 թվականը Սմիթի ծննդյան տարեթիվն է։
Այս պատմության կարևոր հղումներից մեկն այն է, որ, թեև տարիների ընթացքում փոխվել են տեխնոլոգիաները, ինքնաթիռները և աշխատանքի մասշտաբները, սակայն բիզնեսի հիմքում ընկած հիմնական գաղափարը մնացել է նույնը՝ մարդկանց, բիզնեսների և շուկաների արագ ու հուսալի կապը։ Հենց այդ պատճառով էլ ռետրո դիզայնով Boeing 777-ը պարզապես անցյալի հիշատակ չէ։ Այն նույն գաղափարի մշտական լինելու խորհրդանիշն է։
FWS Day of Service
Միջոցառման շրջանակում մեկնարկեց նաև առաջին FWS Day of Service-ը՝ նվիրված Ֆրեդերիկ Վ. Սմիթի համայնքային ներգրավվածության գաղափարին։ Այն Purple Week-ի կամ FedEx Care-ի մասն է՝ FedEx-ի գլոբալ նախաձեռնության, որը հիմնված է ընկերության People-Service-Profit մշակույթի վրա։ Այս տարվա ծրագրի շրջանակում աշխարհի տարբեր երկրներում անցկացվում է ավելի քան 120 FedEx Cares կամավորական և համայնքային նախաձեռնություն։
Տրանսիմպեքսի համար ևս այս իրադարձությունն ունի առանձնահատուկ նշանակություն։ Որպես FedEx-ի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում՝ մենք հպարտ ենք, որ շուրջ 26 տարի այս պատմության մի մասն ենք՝ Հայաստանում շարունակելով FedEx-ի գլոբալ առաքելությունը և մեր գործունեությամբ ամրապնդելով Հայաստանի ու աշխարհի միջև ձևավորված կապերը։